Get Mystery Box with random crypto!

ՀՀ նախագահի հայտարարությունը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից | Radar Armenia

ՀՀ նախագահի հայտարարությունը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ
Քաղաքականություն
17:5427 Փտր, 2021
ՀՀ նախագահի հայտարարությունը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ
2021 թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Հրամանագրի նախագիծը ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:

Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծը առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:

Նախագահի աշխատակազմ